Հովհաննես Գրիգորյանին Մի ջրափոս է պառկել փողոցի կենտրոնում. նույնքան խղճուկ տեսք ունի, որքան մյուս բոլոր ջրափոսերը, նույնքան տձև է ու չքավոր, նույնքան փնթի ու անհարմար… Այսօր տեսա նրան, վաղը նույնպես կտեսնեմ, և նա ինձ կհիշեցնի այսօրվա ջերմությունը, մարդկանց, անդորրը, ստվերը, պահը… Եվ ես հիմա հասկանում եմ, որ հիշեցնելը ջրափոսի գործն է` խղճուկ, տձև, չքավոր: Իսկ փողոցում, որտեղ նա կուչ է եկել, չի դադարում մեքենաների հոսքը, մարդկանց աղմուկը, որոնք հերթով սուզվում են հիշողության մեջ և դուրս ելնում երեկվա հետ միասին: 09.09.2011
Երկու շաբաթ առաջ
Երկու շաբաթ առաջ` այսինքն հիմա,
սպասում եմ, թե երբ ես գալու :
Մեղավորը դու ես, մեղավորը դու ես,
չկաս:
Քամին խանգարում է լսել քո ձայնը
քամին խանգարում է տեսնել քեզ, և
նա է մեղավորը, որ չկաս:
Հիմա դու գիտես ամենը…
Անցիր քամու միջով, պոկվիր քամու ճանկերից,
տուր ինձ քո ձեռքը, և ես կժպտամ,
և կդիտեմ մարդկանց քամու միջով…
Երկու շաբաթ առաջ` այսինքն հիմա,
աշխարհն այնքան մեծ է թվում,
աշխարհն այնքան անեզր է,
կարոտի պես, լռության պես
անիրական,
իսկ ես քամու պես անհամբեր եմ,
իսկ ես քամու հետ սպասում եմ քեզ
Երկու շաբաթ առաջ` այսինքն հիմա:
12.08.2011
Դարեր առաջ
Կրիան դանդաղ քայլերով մոտենում է սիրուն:
Սերն այսօր կրիայի տեսք ունի.
կրիայի հայացք, պատյան, կրիայի փայլ ու համառություն:
Դարեր առաջ, երբ կրիան դուրս եկավ տնից,
որոնելու իր բաժին շարժումը, արագություն խնդրելու Աստծուց,
մարդիկ հեգնեցին նրան, ծաղրեցին…
Այսօր մարդիկ քարացած են…
Կրիան դանդաղ քայլերով մոտենում է սիրուն,
և դա է միակ շարժումն աշխարհի…
20.01.11
Լաքով փայլեցված Ամանոր
Լաքով փայլեցված խաչեր` քաղաքի
ամենակենտրոնում,
փայլում են Ամանորի կիզիչ արևի տակ,
խեղդվում են շոգից:
Լաքով փայլեցված քաղաք` աշխարհի
ամենակենտրոնում,
մարդկանցով լեցուն շարժում,
մարդկանցից հյուսված երգեր:
Լաքով փայլեցված մարդիկ
սրտեր են շալակած տանում,
Ամանորի կիզիչ արևի տակ
խեղդվում են շոգից:
Լաքով փայլեցված սրտեր`
քաղաքի ամենակենտրոնում,
թռուցիկների տեսքով
տագնապ են բաժանում աշխարհին…
30.12.2010
Արևի տակ
Արևի տակ երկար կանգնելուց
աղջիկը կին է դառնում, մայրանում է…
Եվ սկսվում է ամենաջերմ ու ցանկալի գլխապտույտը,
և այդքան անմիջական շփումից քրտինք են դառնում շողերն արևի,
և կնոջ ճակատին կաթելով` գոլորշանում են
արևի տակ երկար կանգնելուց…
Իսկ ջերմությունը երբեք չի հասնում ասֆալտին:
Այն վերջանում է կնոջ կրծքի տակ,
որտեղ սրտի հետ միասին թաքնված է սպասումը`
ամենաջերմ ու ցանկալի գլխապտույտը:
Աշխարհը քրտնել է արևի տակ երկար սպասելուց…
26.11.2010
Անխուսափելի երջանկություն
Համբույրն անխնա քերծում է այտը,
և հայտնվում են փոքրիկ գծիկներ.
դեպի վեր, դեպի վար, անկանոն, աննշմար…
Եվ ես սկսում եմ ժպտալ,
տեսնելով հատակը թեյիս բաժակի ու քերծվածքներն այնտեղ`
գդալիս պտույտներից ծնված…
Եվ ես սկսում եմ ժպտալ,
երբ փոսիկներն այդ լցվում են թեյով
ու գունափոխվում են հետզհետե…
Ես սկսում եմ ժպտալ,
երբ այտս նույնպես գունափոխվում է
դեպի վեր, դեպի վար…
Եվ ես սիրում եմ ժպիտը քո,
երբ հավերժությունն անխուսափելի է…
25.10.2010
Մի անգամ
Արթնացա թութակիս ձայնից. լրբի պես ճչում էր, լիզում վանդակի ճաղերը. քաղցած էր… Ու քանի որ այսօրվա երազս հագեցած էր դաշնամուրային անզուգական կատարումներով, և ես ունկնդրում էի կենդանի երաժշտություն` միջնադարյան կեղծամը գլխիս և լրջությունը աչքերումս, տխրեցի: Այսպիսի դեպքերում ինձ հաճախ օգնության է հասնում կիթառս, որը բազմաթիվ երգեր գիտի աստղերի ու լուսնի մասին, սակայն այսօր նա նույնպես ճչում էր լրբի պես ու ագահորեն լիզում իր բոլոր լարերը միանգամից. քաղցած էր…
Իսկ հիմա ես ցրտից դողում եմ: Տաքանալու համար ինձ առաջարկում են փաթաթվել ինձնից քիչ հեռվում դողացող մի աղջկա, որն անպայման կբարելավի ջերմաստիճանս: Եվ որքան էլ ատում եմ սերը նպատակային գրկախառնումից հետո, միևնույն է առաջարկում են սիրել նրան ու դողս պլաստիկ ձևով փոխարինել պարային նուրբ շարժումներով, ցատկերով, և որքան ցատկերս մեծանում են, այնքան մոտենում է ճչոցը, և ես սարսափում եմ` պապերիս փոխանցած վախը իբրև ժառանգություն պահելով աչքերումս…
18.10.10
***
Թիթեռը չունի երազելու ժամանակ…
Նա շտապում է ապրել և
որքան հնարավոր է շատ
խմել նեկտարն իրականության:
Իսկ գարունը շարունակում է անձրևել,
ու երկնքից թափվում են
երազանքներն աշնանային:
Իսկ թիթեռը հավաքում է դրանք
ու խնամքով թաքցնում տետրի մեջ:
Գուցե պետք կգան վաղը կամ երբևէ…
Թիթեռը չունի ժամանակ երազելու…
07.10.2010
***
- Վաղվանից այլևս չեմ ծխելու, – ասաց նա և մոխրամանի մեջ նետեց վերջին ծխախոտն աշխարհի: Այսքանով ավարտվեց երիտասարդությունը և կյանքը թևակոխեց նոր փուլ, որին այսօրվա երիտասարդներն անվանում են Երջանկություն…
- Վաղվանից այլևս չեմ ստելու, – ասաց նա և թևակոխեց կյանքի նոր փուլ, որին մենք երբեմն կոչում ենք հայրենասիրություն…
- Վաղվանից այլևս լռելու եմ, – ասաց նա և վառեց ծխախոտը: Գուցե աշխարհում կհայտնվի մեկը, ով երջանկությունը երկնքից կիջեցնի հայրենիք, և նա կրկին կդադարի ծխելն ու երազելը: Ամեն ինչ վաղվանից է սկսվում:
Անկանոն երթևեկություն
Արագությունը կախված է տրամադրությունից,
ուղղությունը կախված է քամուց,
շարժումն առանց արգելակման է,
անսպասելի,
հեքիաթային…
Անձրևը թաղված է ջրհորում,
վախից քրտինք է դառել,
արագությունը ասֆալտից բացի
լռության աչքերն է տրորում…
Ընթացքը կախված է շղթայից,
շղթան վզիս է փաթաթված,
ես քեզ անկանոն եմ սիրում.
սերն առանց արգելակման է,
անսպասելի,
հեքիաթային…
Ժամերը կախված են թոնրում,
եփվում են առանց դադարի,
շարժումը կիսում է երկինքը,
անիվը սիրտս է տրորում:
Արագությունս անկախ է…
ուղղությունս անկախ է,
անձրևը` հեքիաթային…
05.09.10
* * *
Քնել ցմահ բանտարկյալի պես
ու կորցնել երազելու հաստատված ժամանակահատվածը…
Դու ոչինչ չունես.
դու ամենաանկարողն ես,
ամենատկարը,
ամենամերկը,
ամենափոքրատառն ու
ամենամիավանկը…
Եվ միայն կորուստն է, որ
կվերականգնի ինքնավստահությունդ,
դու կժպտաս առաջվա պես բազմավանկ,
դու կհղես բոլորին
երբեք սրտում չպահել երազանքը, որը
շուրթերով է իրականանում…
Քնել ցմահ,
բանտարկյալի պես շոշափելով հեռավորությունը…
21.08.10
Ինչի համար է գիշերը
Գիշերը չունի հեռավորություն և լայնություն.
նրա միջով անցնում են բոլորը անկախ լայնքի ու հասակի,
անկախ սեռի, անկախ տրամադրության, որն էլ
խիստ կապված է սեռի հետ…
-Գիշերն անչափ ռոմանտիկ է,- ասում են բանաստեղծները,
որոնք էլ իրենց հերթին խիստ կապված են աստղերին ու լուսնին,
քանի որ աշխարհում ուրիշ ոչնչի մասին այլևս հնարավոր չէ գրել…
16.08.10
Նվեր
Ամենասկզբում նվիրեցին կիթառը, հետո… ես արդեն երջանիկ էի…
Այո երջանկությունը մի քանի լարից է բաղկացած,
որոնք ունեն իրենց կոնկրետ հաջորդականությունը,
հնուց ի վեր եկած սովորույթն ու
երկինքն ի վար իջնող պարտականությունը:
Հետո նվիրեցին ժապավենը կարմիր, հետո… ես արդեն երջանիկ էի…
Չէ՞ որ ժապավենը ամեն ինչի կարելի է փաթաթել` լարերին, աչքերին, սրտին…
Չէ՞ որ ես փաթաթվել եմ հնչյուններով կարմիր… ինձ միայն արձագանք է հարկավոր…
16.07.10
Վերջին պտույտն աշխարհի
Իմ ընկեր Ջորջի ու մեր տան մասին
Շուտով վերջին անգամ կփակեմ կողպեքը քո և բանալին առաջին անգամ դուրս կգա այնտեղից ուրիշի ձեռքով…
Դրսում ամեն ինչ սովորական է. շները նույնքան կատաղած են անտարբեր հայացքով իրենց նայող աղբամանների վրա, շուկան նույնքան կատաղած է անտարբեր հայացքով իրեն նայող մարդկանց վրա, լուսարձակները սպասում են լուսնի հրամանին…
Շուտով դու կսովորես կարոտել և վերջապես կգտնես սրտիդ հանգրվանը…
Ես կսկսեմ կարոտել և վերջապես կհիշեմ քեզ փակ աչքերով…
Շուտով ես կդառնամ անհանգիստ, քանի որ քնելիս ոչինչ չի խանգարի հանգստությունս… Շուտով ես անպայման կտխրեմ…
Հիմա հասկանում եմ ու ատում դասական օրինաչափությունը. աշխարհը գոնե մեկ րոպե տխրությանդ պատվին չի լռում ու չի դադարում պտտվել…
Շները նույնքան կատաղած են,
շուկան նույնքան կատաղած է,
գիշերը նույնքան լուսավոր…
01.07.10
Պատուհանի գոգին
Ինչպիսի ազատություն,
երբ ոչ ոք քեզ չի ճանաչում,
և դու շնչում ես այդ
համատարած անճանաչելիությունը,
և դու երջանիկ ես, Continue reading
Դեպի աշխարհ
Ոտնաթաթերի վրա ինչ որ մեկը մոտեցավ աստղերին,
ինչ որ բան շշնջաց նրանց` այդպես, ոտնաթաթերի վրա կանգնած
և նորից ընկավ ասֆալտին` իր հետ մի քանի փոքրիկ աստղ էլ երկնքից քաշելով… Continue reading
Առաջին անգամ
Ես առաջին անգամ եմ ձեզանից հեռանում
ծնողներ իմ, ընկերներ իմ, տուն իմ և դու` իմ անորոշ,
բայց սրտումս թաքնված տաքություն:
Մեկ-մեկ հիշեք ինձ տխրելուց առաջ` կանգնած զոլավոր հովանոցի տակ
ու զոլերի միջից տիրոջը կորցրած փետուրի պես
ես դուրս կթռչեմ և ժպտացող դիմակներ կբաժանեմ բոլորիդ.
ծնողներ իմ, ընկերներ իմ, անգործությունից հավերժ փակված Continue reading
Հրաժեշտի պահին
Հրաժեշտի պահին աճուրդի հանեցի գաղտնիքներս բոլոր, վաճառեցի և հարստացա անսպասելի:
Ու նույնքան անսպասելի բարկացան ամպերը, հարևան սենյակում վախից փշաքաղվեց անվերջ դեպի երկինք նայող հայելին, մեր սենյակում փշաքաղվեցին անվերջ ինձ նայող աչքերդ, ես դուրս եկա սենյակից…
Եվ միգուցե եթե դուրս չգայի Continue reading
Այ քեզ դժբախտություն
Ովքեր մրսել չգիտեն, կարծում են, որ ձմեռն այս տարի դեռ չի եկել ու չի էլ գա դժբախտաբար…
Միթե հիմա ավելի հեշտ չէ հասկանալ ու ներել դժբախտությանը, որը առանց ձմեռվա երբեք չի ժամանում, չի սառչում ու չի մրսում երբեք. դժբախտաբար:
Ովքեր մրսում ու դողում են ցրտից, փորձում են ամեն կերպ թաքցնել իրենց այդ Continue reading
Երազներից հետո ոչինչ չեմ հիշում:
Կորցրել եմ վարդերը երազներից հետո:
Կտրել եմ հիշողության մազանոթները,
Տխրում եմ, որ վաղվա օրվան Continue reading