Ամեն Աստծո առավոտյան աթոռից վերցնում ու հագնում ես սպիտակ շապիկդ, որը գիշերը մայրդ է արդուկել, խնամքով մաքրում ես կոստյումդ, խոզանակում կոշիկներիդ վրա անձրևի չորացած կաթիլները, մի խոսքվ, հավաքում ես ճամպրուկդ ու բարձրանում երկինք:
Երկնքում ամենուր թաշկինակներ են կախված: Հանկարծ տեսնում ես եղբորդ բաց կապույտ թաշկինակը, հետո պատնեշի պես առաջդ է գալիս հորդ` հոնքերը կիտած թաշկինակը, հետո պապինդ` քրքրված, բայց միևնույն է` պապենական… Նրանք սկսում են օրորվել, ծածանվել, սկսում են խառնել երկինքը, հարվածել քեզ ամպագնդերով: Իսկ դու փախչում ես նրանցից երկնքի փողոցներով, բակերով ու միջանցքներով, որտեղ նույնպես թաշկինակներ են կախված` երկնային սարսափը դեմքներին: Հետո սարսափն ու անճարությունը ստիպում են քեզ վերցնել ճամպրուկդ ու ցատկել ներքև` այնտեղ, ուր ոչինչ չի թռչում, իսկ թաշկինակները փակված են գրպաններում:
Ամեն Աստծո առավոտյան, երբ բացվում են աչքերդ, և առաջին իսկ պահին նկատում ես կոշիկներիդ վրայի չորացած արցունքները, վախվորած հիշում ես երկինքը… Սա վախն է դեպի դրախտ ճախրելու, սա վախն է արտագաղթի:
01,04,2012


