RSS

Ամեն Աստծո առավոտյան

Ամեն Աստծո առավոտյան աթոռից վերցնում ու հագնում ես սպիտակ շապիկդ, որը գիշերը մայրդ է արդուկել, խնամքով մաքրում ես կոստյումդ,  խոզանակում կոշիկներիդ վրա անձրևի չորացած կաթիլները, մի խոսքվ, հավաքում ես ճամպրուկդ ու բարձրանում երկինք:

Երկնքում ամենուր թաշկինակներ են կախված: Հանկարծ տեսնում ես եղբորդ բաց կապույտ թաշկինակը, հետո պատնեշի պես առաջդ է գալիս հորդ` հոնքերը կիտած թաշկինակը, հետո պապինդ` քրքրված, բայց միևնույն է` պապենական… Նրանք սկսում են օրորվել, ծածանվել, սկսում են խառնել երկինքը, հարվածել քեզ ամպագնդերով: Իսկ դու փախչում ես նրանցից երկնքի փողոցներով, բակերով ու միջանցքներով, որտեղ նույնպես թաշկինակներ են կախված` երկնային սարսափը դեմքներին: Հետո սարսափն ու անճարությունը ստիպում են քեզ վերցնել ճամպրուկդ ու ցատկել ներքև` այնտեղ, ուր ոչինչ չի թռչում, իսկ թաշկինակները փակված են գրպաններում:

Ամեն Աստծո առավոտյան, երբ բացվում են աչքերդ,  և առաջին իսկ պահին նկատում ես կոշիկներիդ վրայի չորացած արցունքները, վախվորած հիշում ես երկինքը…  Սա վախն է դեպի դրախտ ճախրելու, սա վախն է արտագաղթի:

01,04,2012

 

Երեկվա հետ միասին

Հովհաննես Գրիգորյանին

Մի ջրափոս է պառկել փողոցի կենտրոնում.
նույնքան խղճուկ տեսք ունի, որքան մյուս բոլոր ջրափոսերը,
նույնքան տձև է ու չքավոր,
նույնքան փնթի ու անհարմար…
Այսօր տեսա  նրան, վաղը նույնպես կտեսնեմ,
և նա ինձ կհիշեցնի այսօրվա ջերմությունը, մարդկանց,
անդորրը, ստվերը, պահը…
Եվ ես հիմա հասկանում եմ, որ հիշեցնելը ջրափոսի գործն է`
խղճուկ, տձև, չքավոր:
Իսկ փողոցում, որտեղ նա կուչ է եկել,
չի դադարում մեքենաների հոսքը,
մարդկանց աղմուկը,
որոնք հերթով սուզվում են հիշողության մեջ և դուրս ելնում
երեկվա հետ միասին:

09.09.2011
 

Երկու շաբաթ առաջ

Երկու շաբաթ առաջ` այսինքն հիմա,
սպասում եմ, թե երբ ես գալու :
Մեղավորը դու ես, մեղավորը դու ես,
չկաս:
Քամին խանգարում է լսել քո ձայնը
քամին խանգարում է տեսնել քեզ, և
նա է մեղավորը, որ չկաս:
Հիմա դու գիտես ամենը…
Անցիր քամու միջով, պոկվիր քամու ճանկերից,
տուր ինձ քո ձեռքը, և ես կժպտամ,
և կդիտեմ մարդկանց քամու միջով…
Երկու շաբաթ առաջ` այսինքն հիմա,
աշխարհն այնքան մեծ է թվում,
աշխարհն այնքան անեզր է,
կարոտի պես, լռության պես
անիրական,
իսկ ես քամու պես անհամբեր եմ,
իսկ ես քամու հետ սպասում եմ քեզ
Երկու շաբաթ առաջ` այսինքն հիմա:

12.08.2011

 

Դարեր առաջ

Կրիան դանդաղ քայլերով մոտենում է սիրուն:

Սերն այսօր կրիայի տեսք ունի.

կրիայի հայացք, պատյան, կրիայի փայլ ու համառություն:

Դարեր առաջ, երբ կրիան դուրս եկավ տնից,

որոնելու իր բաժին շարժումը, արագություն խնդրելու Աստծուց,

մարդիկ հեգնեցին նրան, ծաղրեցին…

Այսօր մարդիկ քարացած են…

Կրիան դանդաղ քայլերով մոտենում է սիրուն,

և դա է միակ շարժումն աշխարհի…

20.01.11

 

Լաքով փայլեցված Ամանոր

Լաքով փայլեցված խաչեր` քաղաքի
ամենակենտրոնում,
փայլում են Ամանորի կիզիչ արևի տակ,
խեղդվում են շոգից:
Լաքով փայլեցված քաղաք` աշխարհի
ամենակենտրոնում,
մարդկանցով լեցուն շարժում,
մարդկանցից հյուսված երգեր:
Լաքով փայլեցված մարդիկ
սրտեր են շալակած տանում,
Ամանորի կիզիչ արևի տակ
խեղդվում են շոգից:
Լաքով փայլեցված սրտեր`
քաղաքի ամենակենտրոնում,
թռուցիկների տեսքով
տագնապ են բաժանում աշխարհին…

30.12.2010

 

Արևի տակ

Արևի տակ երկար կանգնելուց
աղջիկը կին է դառնում, մայրանում է…
Եվ սկսվում է ամենաջերմ ու ցանկալի գլխապտույտը,
և այդքան անմիջական շփումից քրտինք են դառնում շողերն արևի,
և կնոջ ճակատին կաթելով` գոլորշանում են
արևի տակ երկար կանգնելուց… 
Իսկ ջերմությունը երբեք չի հասնում ասֆալտին:
Այն վերջանում է կնոջ կրծքի տակ,
որտեղ սրտի հետ միասին թաքնված է սպասումը`
ամենաջերմ ու ցանկալի գլխապտույտը:
Աշխարհը քրտնել է արևի տակ երկար սպասելուց…

26.11.2010

 

Անխուսափելի երջանկություն

Համբույրն անխնա քերծում է այտը,

և հայտնվում են փոքրիկ գծիկներ.

դեպի վեր, դեպի վար, անկանոն, աննշմար…

Եվ ես սկսում եմ ժպտալ,

տեսնելով հատակը թեյիս բաժակի ու քերծվածքներն այնտեղ`

գդալիս պտույտներից ծնված…

Եվ ես սկսում եմ ժպտալ,

երբ փոսիկներն այդ լցվում են թեյով

ու գունափոխվում են հետզհետե…

Ես սկսում եմ ժպտալ,

երբ այտս նույնպես գունափոխվում է

դեպի վեր, դեպի վար…

Եվ ես սիրում եմ ժպիտը քո,

երբ հավերժությունն անխուսափելի է…

25.10.2010

 

Պիտակներ՝ , ,